Հայրենագիտություն. Մայրաքաղաքներ Անի, Կարս

0

Posted by ashotpashinyan | Posted in Հայրենագիտություն | Posted on 10.11.2021

Մայրաքաղաք Անի

Միջնադարյան Հայաստանի նշանավոր մայրաքաղաք Անին գտնվում է Ախուրյան գետի աջ ափին, եռանկյունաձև հրվանդանի վրա:

IX դ. սկզբին Հայաստանի կառավարիչ Աշոտ Բագրատունին Կամսարականներից գնել է Արշարունիքի և Շիրակի գավառները Անի ամրոցի հետ:  Անիի բարձրացումը սերտորեն կապված էր Բագրատունյաց իշխանական տան հետ: 961թ. Աշոտ 3-րդը արքունիքը Կարսից տեղափոխում է Անի ու այն հռչակում հայոց մայրաքաղաք: Բագրատունիները միջոցներ չեն խնայում, որ նոր մայրաքաղաքը բարեկարգվի ու ամրացվի: Կառուցվում են պալատներ, եկեղեցիներ, հյուրանոցներ, իջևանատներ և այլն: 964 թ. ամրոցից հյուսիս, հրվանդանի նեղ մասում Աշոտ 3-րդը կառուցում է հզոր պարիսպ, որն իր անունով կոչվում է  «Աշոտաշեն»: Բուն քաղաքը սկզբում տարածվել է Աշոտյան պարիսպների և միջնաբերդի միջև /հին քաղաք/, այնուհետև  ընդարձակվել  ու տարածվել  է դեպի Սմբատյան պարիսպներ /նոր քաղաք/:

Գագիկ 1-ինի մահից հետո /990-1020/ Բագրատունյաց պետությունը թուլանում է: 1045 թ. Անին ու Բագրատունյաց թագավորությունն ընկան բյուզանդական լծի տակ: 1064 թ. սելջուկները մեծ զոհերի գնով գրավում են Անին: 1072 թ. սելջուկ զորավար Ալփ-Արսլանը Դվինի ամիրայից գնում է Անին և տալիս իր որդի Մանուչեին: Հիմք է դրվում Շադդադյանների իշխանությանը, որն ընդմիջումներով շարունակվում է մինչև 1199 թ.: Նույն թվականին  հայ-վրացական միացյալ զորքը  ազատագրում է  Անին:  Այն անցնում է Զաքարյաններին:  Քաղաքում  նորից աշխուժանում է կյանքը: Կառուցվում են նոր եկեղեցիներ, աշխարհիկ շենքեր, բերդապարիսպներ, կամուրջներ և այլն: Պատմիչներն այդ շրջանի Անին հիշատակում են «մեծ», «քաղաքամայր», «տիեզերական» և այլ անուններով: Անին կառավարել  է  «երիցանին» /ավագանին/, որը գործում էր Զաքարյանների կողմից նշանակված  կառավարչի` ամիրայի նախագահությամբ:  Զաքարյանների ծաղկուն շրջանն ավարտվում է մոնղոլական արշավանքներով: 1236 թ. մոնղոլները պաշարում են Անին: Չնայած բնակիչների հերոսական դիմադրությանը /նաև կանայք/` քաղաքը գրավվում է: Մինչև XIV դարի կեսը Անին որպես քաղաք դեռ շարունակում էր իր գոյությունը: Սակայն մոնղոլների, այնուհետև քաղաքը գրաված թուրքական ցեղերի` անեցիների հանդեպ վարած քաղաքականության հետևանքով /ազգային, կրոնական ճնշումներ, ծանր հարկեր/, նաև 1319 թ. Անիում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով, բնակիչները մեծ խմբերով լքում են Անին: XVI դարում Անին արդեն մի փոքր բնակավայր էր: 1878 թ. ավերակված Անին անցնում է Ռուսաստանին:     Անին  բոլոր ժամանակներում պատմիչների, ուսումնասիրողների ու մարդկանց   ուշադրության կենտրոնում է եղել: XIX դարի վերջին` 1892 թ. Ն. Մառի գլխավորությամբ սկսվում են Անիի պեղումները, որոնք ընդհատումներով շարունակվում են մինչև 1917թ.:  Պեղումների ժամանակ հայտնաբերված մշակութային արժեքների մեծ մասը կորել է Առաջին համաշխարհային պատերազմի ու հետագա քաղաքական դեպքերի  հետևանքով:  1920թ.  օգոստոսի 24-ի ռուս-թուրքական պայմանագրով Անին հանձնվում է Թուրքիային:

 

 

 

Մայրաքաղաք Կարս

Որոշ մասնագետների վկայությամբ Կարսի բերդը հիմնադրվել է դեռ ուրարտական շրջանում: Կարսը միջնադարյան Հայաստանի մինչեւ օրս պահպանված մայրաքաղաքներից է: Այն գտնվում է Ախուրյանի աջակողմյան վտակ Կարս գետի ափին:

Կարսը գտնվում է Այրարատ աշխարհի Վանանդ գավառում: Նրա առաջին տերերը Վա նանդի իշխաններն են, որոնք հիշատակվում են IV դարից: Քաղաքի պատմության վաղ շրջանի մասին տեղեկությունները քիչ են: Միայն ստույգ գիտենք, որ այն հայոց պատմության մեջ հայտնի դարձավ ավելի ուշ` IX դարից: IX դարի վերջից Կարսը հիշատակվում է իբրեւ բերդաքաղաք, իսկ 928թ. դառնում է Հայաստանի մայրաքաղաք։

Սակայն Բագրատունյաց նախորդ երկու մայրաքաղաքների` Բագարանի եւ Երազգավորսի նման Կարսը եւս երկարատեւ չի մնում կենտրոնական թագավորության մայրաքաղաք: 961թ. Աշոտ 3-րդը Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք է հռչակում Անին, իսկ Կարսը մնում է որպես Բագրատունիների կրտսեր ճյուղի Կարսի կամ Վանանդի ֆեոդալական փոքր թագավորության մայրաքաղաք:

Առաջին համաշխարհային պատերազմի վերջում Կարս քաղաքն ու մարզը, Բրեստի  1918թ. մարտի 3-ի պայմանագրով, նորից անցան Թուրքիային: Այստեղ հայ բնակչության զգալի մասը զոհ գնաց կոտորածներին, իսկ մնացածը գաղթեցին Արեւելյան Հայաստան եւ Հյուսիսային Կովկաս:

1919թ ապրիլին Կարս մտան Հայաստանի Առաջին Հանրապետության զորքերը:  Մեկ տարվա ընթացքում հսկայական քանակության հայ գաղթականներ տեղափոխվեցին Կարս քաղաքը եւ շրջակայքը:  Սակայն 1920թ ամռանը երկրորդ թուրք-հայկական պատերազմի ժամանակ քաղաքը գրավվեց թուրքական զորքերի կողմից եւ կրկին անգամ կազմակերպվեց հայ բնակչության կոտորած:

Write a comment

Перейти к верхней панели